Զորայր Խալափյան

ԹթենինIMG_4896

Բակերը բաժանող ցանկապատի մեջ աճել էր վիթխարի՝ ճղները տարածած հով էր անում բակերին։ Աշնանը, ձմռանը և գարնանը ծառը բոլորինն էր, միայն ամռանը, երբ քաղցրանում էին պտուղները՝ սկսվում էր վեճը։

Գասպարի հինգ տղաները հունիսի սկզբից մինչև հուլիսի կեսերը, այսինքն թութը հասնելու առաջին օրերից մինչև վերջին օրերը ծառից չէին իջնում։ Մյուս հարևանը` Սամսոնը, ուներ երեք աղջիկ, սրանք միայն ցածի ճղներից էին թութ ուտում։ Հենց փորձում էին ծառը բարձրանալ՝ Գասպարի տղաները ծեծում, վռնդում էին։

Սամսոնը պնդում էր, թե ծառը իր պապերն են տնկել, Գասպարն էլ համոզված էր, որ ընդհակառակը, ծառը իրենց մեծերի տնկածն է, մինչդեռ թթենին այնքան ծեր էր և արմատներն այնքան խորն էին գնում, որ նրանց պապն էլ ճշտորեն չէր հիշում, թե իրենց մանկության ժամանակ ո՛ւմ էր պատկանում թթենին։ Այդ պապերը, որոնցից լուսանկար անգամ չէր մնացել, հիշում էին շատ լավ, որ իրենց հայրերն էլ էին վիճում, և տանը խոսք կար, թե ժամանակին իրենց պապերն էլ են կռվել նույն թթենու համար։IMG_3533

Մի քանի տարի առաջ որոշվել էր, որ թթենին Սամսոնինն է, ինչ-որ առիթով վիճարկվել էր որոշումը, ծառն անցել էր Գասպարին, մի քանի տարի առաջ մեկ այլ առիթով կրկին վիճել էին, ծառը նորից անցել էր Սամսոնին։ Իսկ այժմ կանգնած էր անբաժան, հոյակապ, մեծահոգի, դարավոր, վիթխարի, անտարբեր ճղները հավասար տարածած թե մեկ և թե մյուս բակի վրա։ Հավասար ստվեր էր ձգում, հավասար հով էր անում, հավասար թութ էր թափում երկու բակի երեխաների, խոճկորների, հավերի ու սագերի համար։ Միայն մարդիկ ներքևում շարունակում էին վիճել լուրջ ու անլուրջ։

Սամսոնը ոչխար էր գնել, տարավ պարտեզում ծառերի տակ կապելու, տեսավ Գասպարի տղաները թառել են ծառին, թութ են ուտում, իսկ իր երեք աղջիկները խեղճ-խեղճ ձեռք էին մեկնում ցածի ճղներին։

–Բարձրացեք մեր ծառից թութ կերեք,— ասաց աղջիկների հայրը,— ինչո՞ւ եք խակերը պոկում։

–Չեն թողնում,— բողոքեցին աղջիկները։

–Գոնե թափ տվեք, մերոնք էլ օգտվեն,— ներքևից վերև ասաց Սամսոնը։— Մանավանդ ծառը մերն է։

–Ծառը մերն է,—միանգամից աղաղակեցին Գասպարի հինգ տղաները։— Ինչո՞ւ է ծառը «մանավանդ» ձերը։ Ո՜վ ասաց, որ ձերն է։

–Այ երեխեք, ծառը մերը լինելը մերն է, ձեզ հետ ի՜նչ գլուխ դնեմ։ Կերեք ինչքան ուզում եք, ո՜վ է բան ասողը։ Բայց թողեք մեր երեխեքն էլ ուտեն, վատ բան հո չասացի՞:

Հի՜ն, ամառից ամառ, սերնդից սերունդ բորբոքվող վեճն էր։

–Կթողնենք, բայց ծառը ձերը չի։ Թող բարձրանան մեր ծառը, ինչքան ուզում են ուտեն,— ասաց տղաներից ավագը։

Ուզո՞ւմ եք՝ մեր ծառը հենց հիմա թափ տանք, կերեք,— ասաց մյուսը։— Վատ բան հո չասացի՞։

Իր խոսքերն են կրկնում, ձեռ են առնում` դեռ մի թիզ չկան։

–Ծառը մերն է,— ղժժաց ամենակրտսերը ներքևի ճղներից։— Աճե՜լ, աճե՜լ, թեքվել է ձեր կողմը։

Արի ու մի թիզ երեխայի հետ գլուխ դիր։

–Դուք դեռ ծնված չէիք, որ ծառը մեր կողմն էր թեքված։— Սամսոնը ոչխարը կապեց, մոտեցավ թթենուն։ — Իջե՛ք,— ասաց նա բարկացած։— Իջե՜ք, թե չէ`ես հիմա՜…

Գասպարի տղաներր ծառից ցատկոտեցին իրենց պարտեզ, փախան։

–Հայրիկիս ասե՜մ…— սպառնագին կանչեց ամենակրտսերը, որ փախչում էր ամենավերջում և մի ձեռքով ամուր բռնել էր ցած ընկնող վարտիկը։

Սամսոնը հարձակողական կեղծ շարժումներ արեց, երեխաներն ավելի հեռու վազեցին։ Հասան իրենց տան շեմը, ետ նայեցին, հարևանի աղջիկները խաղում էին ոչխարի հետ։

–Բա՜ա,— բառաչեց ոչխարը։

–Բա՜ա,— միաբերան ձայնակցեցին եղբայրները՝ տնազելով աղջիկներին։

Երեկոյան Գասպարը վերադարձավ աշխատանքից, նստեցին ճաշի։ Սամսոնը հսկայամարմին մարդ էր, Գասպարը նիհար, մանր աչքերով, երկայն ու կեռ քթով, քթի տակ ցից ցցված բեղերով։ Տղաներն էլ հոր կտորն էին՝ նույն դիմագծերը, նույն մանր աչքերը, մանավանդ նույն քիթը, որոնց տակ առայժմ բեղերն էր պակաս։

Այսպես, վեց միանման քթեր սեղանին կախ՝ ճաշում էին։ Հանկարծ քթերից մեկը վեր բարձրացավ.

–Հայրի՜կ, թթենին մե՞րն է, թե Սամսոն քեռոնցը:

–Թթենին մերն է, քանի՜ ասեմ։

Հնգի համար էլ հոր ասածր օրենք էր, ասաց` «Մերն է», ուրեմն վերջ, առարկություն չլինի։

–Հայրիկը որ ուզենա՝ Սամսոն քեռուն մի ձեռքով կբարձրացնի,— ասաց միջնեկը։

–Հա՞,— հիացավ ամենակրտսերը:

–Բա ո՜նց,— հանգիստ հաստատեց նրանից մի մատ ավագը։

Գասպարը քթի տակ խնդաց, լակոտների մտքով ինչ հիմար բան ասես անցնում է։

–Հերիք չեղա՞վ դա մեզ վախեցնի,— ասաց միջնեկը։

–Սպասիր մեծանանք, տես ինչե՜ր ենք անելու,–– ասաց նրանից մի մատ փոքրը։

–Հացներդ կերեք,— սաստեց հայրը, և սեղանի շուրջ լռություն տիրեց։

Առավոտյան Սամսոնն ու Գասպարը հանդիպեցին ցանկապատի մոտ, բարևեցին։

–Ոչխար ես առել, հա՞,— ասաց Գասպարը։— Լավ էլ դմակավոր ոչխար է։

–Հա, աշնան տոներին կմորթենք։ Թող ծառի տակ իր խոտն ուտի։ Աղջիկներն էլ ջուր կտան։

–Խելոք բան ես մտածել,— ասաց Գասպարը։

–Ծառս ջարդեցին, ախր, տղաներդ, Գասպար:

–Շատ խելոք բան ես… Քո ո՞ր ծառը։ Ինչո՞ւ չես ասել, ես դրանց…

–Թթենին։

Երկուսի պարտեզում կար-չկար՝ մի թթենի։

–Մեր թթենի՞ն։ Աղջիկներիդ ասա բարձրանան, թութ ուտեն, թթի եղածն ի՜նչ է, թող չամաչեն, ինչո՞ւ են տակերինը պճկոտում։

Սամսոնն այդ անիծված վեճը սկսելու բոլորովին միտք չուներ։ Բայց քանի որ սկսված է, որոշեց առանց շրջանցումների միանգամից դիմել խոսակցության բուն էությանը։

–Այդ ո՞ր օրվանից է թթենին ձերը, չհասկացանք, որ դեռ իմ երեխաներին էլ պատիվ ես անում։

–Ամբողջ աշխարհը գիտի, Սամսոն, մենք էլ հո երեխա չենք, որ վիճենք։ Թութ ես ուզում` կեր ինչքան ախորժակդ քաշի։ Ծառի լրիվ կեսը ձերը լինի։

–Չէ, ինչի՜։ Ծառը մերն է՝ կեսը թող ձերը լինի։ Տվողը ես եմ, դու չես։

Սամսոնը ներքին ուրիշ դժկամություն էլ ուներ։ Ինքը հուժկու, աժդահա մի մարդ՝ միայն աղջիկներ ունեցավ, երկչոտ, թույլ արարածներ, նայելիս մեղքդ է գալիս։ Իսկ Գասպարը, ինքը մի բուռ, փչես՝ օդ կելնի, հինգ տղատեր է, հանդուգն, ճարպիկ, լեզվանի սատանի ճտեր։ Միշտ էլ միասին են ման գալիս հոտ կազմած, մեկը մյուսից մի մատ փոքր, մրջյունների պես տեսար մի ծակից դուրս ելան, լցվեցին բակը։

–Թե տղաներից մեկին ծառին տեսա՝ չնեղանաս։ Թևից բռնեմ, այնպես շպրտեմ, որ… Լրիվ երես են առել, մի թիզ չկան ։

–Դու էլ քո ուժով զարմացրիր։ Լավ, հասկացանք, ուժեղ ես, ուժով մարդ ես,— դեպի բակի դուռը գնալով բա՜րձր-բարձր խոսում էր Գասպարը։ Այդ կարճահասակ, փոքրիկ մարդը բարձր-բարձր էր խոսում, մեծ-մեծ էր քայլում, ձեռքերը մեծ-մեծ էր շարժում, նրա ամեն ինչը մեծ էր, բացի հասակից։— Ուժով ես, հա, փիղ ես, պրծա՞նք։

Տղաները իրենց բակից լսում էին ու հրճվում։

–Բա՜ա,— կանչեց ոչխարը պարտեզից։

–Բա՜ա,— խմբով բղավեցին նրանք ու քրքջացին:

«Ես ձեր… անդաստիարակ…»,— քթի տակ մրթմրթաց Սամսոնը։

Գասպարը դուրս եկավ ճանապարհ, Սամսոնն էլ իր աշխատանքին գնաց, մնացին երեխաներն ու թթենին՝ երկու բակերի միջև։ Գասպարի տղաներն իսկույն թռան, ելան վեր, սատանաների նման թառեցին ճղներին, բռերով քաղցր, մեղրածոր թութն էին խցկում բերանները, իրար հետ, ճնճղակների պես ճռվողելով, զրուցում։ Իսկ Սամսոնի աղջիկները միայն տակի ճղներից խակերն էին պոկում։

–Ուզո՞ւմ եք մեր թթենին թափ տանք, կերեք,— ասում էին տղաները վերևից։

–Թթենին մե՜րն է,— բարակ ձայնով միանգամից աղաղակում էին աղջիկները, տղաները վերևում ծիծաղից թուլանում էին։

–Ձերն է, ինչո՞ւ չեք հելնում, ուտում։

–Ծառը մեր պապի տնկածն է,— ճղճղում էին աղջիկները:

–Ծառը մեր պապի պապի տնկածն է,– միաբերան գոռում էին տղաները։

–Ծառը մեր պապի պապի պապի՜ տնկածն է…

Երեկոյան կողմ Սամսոնն աշխատանքից վերադարձավ, բակի դուռը բացեց թե չէ՝ Գասպարի տղաներն ամեն մեկն իր ճղնից թռավ ներքև, փախան։

Բայց նրանց դեմ ելավ հայրը, և տղաները սրտապնդած կանգ առան։

Սամսոնն իր դռնից առաջ եկավ, Գասպարն՝ իր, կանգնեցին քիչ հեռու, դեմ դիմաց։

–Ի՞նչ է պատահել, հարևան,— ասաց Գասպարը Սամսոնին։

–Դու էլ իբր չե՜ս իմանում,— ասաց Սամսոնը բարկացած, հոր թիկունքում վախից կուչ էին եկել աղջիկները։— Ձեռնտու չի, չես իմանում,— ձայնն ավելի բարձրացրեց Սամսոնը։

–Չեմ իմանում, չէ՛։

Տղաներդ աղջիկներիս օրուարև չեն տալիս, լա՜վ էլ իմանում ես, քեզ հիմարի տեղ ես դնում։

–Հիմարի՞,— ասաց Գասպարի ավագ որդին, և նրա ձայնից հայրը հասկացավ, թե որքա՜ն վիրավորվեց երեխան հոր համար։

Երեխաները կարկամել էին, և Գասպարը լավ էր հասկանում, թե ինչ են սպասում իր տղաները։

–Դա ի՜նչ խոսք էր,— գոռաց նա, սակայն ձայնն իր ուզածի պես չստացվեց։ Կոկորդը մաքրեց, նորից գոռաց։ — Ի՜նչ խոսք էր, ասում եմ…

–Ուժեղ կռիվ է լինելու,– ասաց Գասպարի ավագը։

–Հիմա Սամսոն քեռին կթռնի կտուր,— ասաց միջնեկը։

Աղջիկները փախան, մտան տուն, իսկ տղաները նրանց փախուստի վրա ծիծաղեցին, և Գասպարը զգաց, որ իր դրությունն ավելի է բարդանում։

–Ներողություն խնդրիր, Սամսոն,— դեմքը սպառնագին խոժոռելով, ասաց Գասպարը և մի տեսակ ինքն էլ իրենից սարսափած՝ սկսեց սպասել այդ ներողություն խնդրելուն, կարծես հակառակ դեպքում զարհուրելի բաներ են լինելու։

Գլուխ մի տա՜ր,— նետեց Սամսոնր։— Ներողություն խնդրեմ, չէ՜, գլխարկս էլ հանեմ։

–Ի՞նչ,— իբր զարմանալով նրա հանդգնության վրա, բարձր-բարձր գոռալով, մեծ-մեծ քայլելով Գասպարն առաջ գնաց։— Չհասկացանք, ի՞նչ։

Գասպարը մոտենում էր Սամսոնին ու աչքի պոչով նայում հարևանների լուսամուտին։ Հակառակի պես ոչ մեկը նրանց ձայնը չէր լսում, որ դուրս գային, բաժանեին կռվողներին։ Հույսը չկտրելով Գասպարը գնում էր գոռգոռալով։ Արդեն հասնում էր Սամսոնին, բայց չգիտեր ինչ պիտի աներ, հարևանների դռներն էլ մնում էին փակ։ Շան կնիկները տեսնես ո՜ւր են կորել, ոչ իր կինը կար, ոչ Սամսոնի։

Արդեն ընդհուպ մոտեցել էր, ձայնը միանգամից իջեցրեց, անցավ շշուկի.

–Սամսոն, երեխաների մոտ ինձ խայտառակ չանես։

–Այսի՞նքն։

–Տղերք են, մեծանան, կարող է աղջիկներիդ ուզելու գանք, խայտառակ չանես։

–Լավ չեմ հասկանում,— ասաց Սամսոնը նույնպես շշուկով, կարծես միմյանց գաղտնիք էին հաղորդում։

–Ինչո՞ւ չես հասկանում,— շշնջաց Գասպարն ու աջով տվեց նրա ականջին։— Ի՞նչ կա չհասկանալու։

–Վա՞յ,— ապշեց Սամսոնը։

Նրանք շատ էին վիճել, բայց իրար վրա ձեռք բարձրացրած չկային։

Գասպարը մի անգամ էլ խփեց։

–Էլի չե՞ս հասկանում,—ասաց նա։

–Չէ, բոլորովին,— իրոք, ըմբռնելու ընդունակությունը կորցրած, ասաց Սամսոնը։

Սա ձեռքը բարձրացրեց, որ բռնի Գասպարի օձիքից, բարձրացնի ու շպրտի ցանկապատից այն կողմ, իրենց հոր սխրանքներին սպասող տղաների ոտքերի առաջ։ Բայց Գասպարը, դեմքը՝ գունատ, կլոր, մանր աչքերը ներքևից վերև աղերսում էր.

–Չե՞ս տեսնում լակոտները ոնց են նայում… Լաց եղիր, վեր ընկի, մի բան արա, չգիտեմ… երեխեքի աչքից չընկնեմ…— ասաց ու նորից խփեց։— Սպասում եմ։

–Թյո՜ւ, քո մարդ ասողի,— հայհոյեց Սամսոնն ու քիչ տատանվելուց հետո՝ դիտմամբ ընկավ գետնին։

–Նոկաուտ,— ասաց Գասպարի ավագը։

–Վերջ,— ասաց միջնեկը։

–Քեզ չասացի՞ ներողություն խնդրի,— ետ քաշվելով ու հանգիստ շունչ քաշելով ասաց Գասպարը։— Քեզ չասացի ինձ չբարկացնես։

–Գնա՜, գնա՜,— ցածրաձայն ասաց գետնին ընկածը,— շառդ քաշիր, վեր կացա` պատասխանատու չեմ։— Ելավ գետնից՝ դժգոհ, մռայլ, նույնպես գունատ։— Ի՞նչ է,— ցածր հարցրեց նա,— ես երեխա չունե՞մ, չհասկացանք։

–Քոնոնքն աղջկերք են,— նույնպես ցածրաձայն ասաց Գասպարը։— Տղաների հայր լինելը դժվար է, Սամսոն։ Հարյուր տարի լակոտները չպիտի մոռանային։

–Թյո՜ւ,— նորից թքեց Սամսոնն ու առանց ետ նայելու հեռացավ։

Գասպարը միայն հիմա զգաց, որ սարսափելի քրտնել թ, կարծես արածը ծանր աշխատանք էր։ Եվ իրոք ծանր աշխատանք էր, դա էլ էր մտնում երեխա պահելու, հոգալու, դրական օրինակով դաստիարակելու ծնողական ծանր պարտականության մեջ։

–Օ՜ֆ,— հառաչեց նա հոգնած՝ ճակատի քրտինքը սրբելով։

Տղաները շրջապատել էին հորը, և հայրը լուռ գնաց նրանց հետ, մտան տուն։ Նրանք հափշտակված հայացքը հորից չէին կտրում, վախախառը մի մեծ հարգանք էր ծնվել հանկարծակի։

–Չլինեմ-չիմանամ՝ մեկ էլ բարձրացել եք այդ ծառը,—ասաց հայրը։

Երեխաները ապշեցին։ Հիմա, որ թվում էր, վերջնականապես, ուժի միջոցով հաստատվեց, թե ծառն ումն է պատկանում…

–Ինչո՞ւ, բա ծառը մերը չի՞…

Հայրը գլուխը բացասաբար շարժեց։ Երեխաները չհասկացան նրան։

–Ծառն այսօրվանից նրանցն է,— ասաց հայրը։

–Մեղք է,— ասաց ամենակրտսերը` անբացատրելիին բացատրություն տալով։— Սամսոն քեռին մեղք է, ծառը տանք իրենց:

Հայրը ժպտաց, նրա դեմքից մռայլությունը չքացավ: Ու երեխաների դեմքերը նույնպես հարթվեցին, խաղաղվեցին, դարձան բարի ու գեղեցիկ։

Մյուս օրը հաղթողի մեծահոգությամբ տղաները կանգնել, սպասում էին՝ մինչև աղջիկները երևացին։

Կթողնե՞ք, բարձրանանք ձեր ծառը, թութ ուտենք,— ասացին նրանք։— Եվ թափ տանք ձեզ համար։

Աղջիկներն ականջներին չհավատացին։

–Ո՞ւմ ծառը,— հարցրին աղջիկները։

–Ձե՛ր ծառը,— ասացին տղաները։

IMG_4893

 

Վերցված է հետևյալ կայքից` http://www.litopedia.org/index.php?title=Թթենին_(Զորայր_Խալափյան)

Վանո Սիրադեղյան

Ամեն տարվա գոճինImage

Դեկտեմբերի վերջին տասնօրյակին Սաթենիկ տատը աչքաթող է անում հավերին, շանը, ոչխարներին, անգամ կովին և զբաղվում է Մաշո խոզով։ Սաթենիկ տատը նույն անունն է տալիս ամեն տարվա գոճուն։ Ամեն տարի նրա Դավիթ որդին անտառապահ Սիմոնի մերունի տակից կտրում բերում է մեկ ամսեկան գոճուն, և Սաթենիկ տատը անցած տարվա նման, նախանցած տարվա նման անունը դնում է Մաշո: Թվում է, արդեն քսան տարի Սիմոնը նայն մերունն է պահում, Դավիթը քսան տարի նույն գոճին է բերում։

Երբեք չի պատահել, որ Դավիթը աշխատանքից գալիս ձեռքի հետ բերի գոճին, ինչպես գյուղի ճաշարանից միս է բերում։ Չի եղել, որ մտնի տան ու ասի. «Գոճին բերել եմ, գնացեք տեսեք»։ Այդ բանին պատրաստվում են նախօրոք։ Ապրիլի սկզբներից տնեցիները՝ մեծ ու փոքր, արդեն գիտեն, որ իրենց Մաշոն, այսինքն, ոչ թե Մաշոն, այլ Սիմոնի մերունի ութ, ինը կամ տասը խոճկորներից մեկը, դեռևս անանուն ու մյուսներից չջոկվող, մոր կուրծքը դնչահարելով մեծանում է։ Մաշոն մեծանում է իր նմանների մեջ, վաղօրոք կնքած անունով, անունն ու ինքը ապրում են առանձին, քանի դեռ անտառապահ Սիմոնը չի բռնել նրա հետին ոտքերից՝ Դավթի պահած պարկը գցելու համար։ Ութ, ինը կամ տասը խոճկորներից մեկը սպրդում է անտառապահ Սիմոնի ձեռքից, և Մաշո անունը ընկնում է այդ մեկի վրայից։ Ուրեմն, կարելի է ասել, որ ութ, ինը կամ տասը Մաշո մոր կրծքերը դնչահարելով մեծանում են, և հենց որ անտառապահ Սիմոնը բռնեց մեկի հետին ոտքերից, մնացած բոլորի վրայից անունը ընկնում և կպչում է այդ մեկին։

Մաշո գոճին, մորական կաթի համն ու հոտը ռունգերին, դեգերում է անծանոթ բակում, շուլալվում է երեխաների ոտքերին, դունչը քսմսում է ամեն փափուկ բանի, մինչև որ սովորում է գարու ալյուրի շիլային, ապա և գարուն, ոտքերը քիչ-քիչ պնդանում են, խելքը գլուխն է գալիս և սկսում է դնչով հողը փորել:

Բակում վխտացող կենդանական աշխարհից միայն Մաշոն է, որ չի վախենում շղթայակապ շնից։ Բայց նրա խիզախությունը գնահատող չկա, նրա խիզախությունը իզուր է անցնում, որովհետև սևուկ շունը բացահայտ արհամարհում է նրան, չի հաչում վրան կերամանին մոտենալիս, անգամ չի գռմռում ոսկոր կրծելիս, այլ միայն, խրատելու պես, թաթով հասցնում է համառ ու երկար դնչին՝ հասկացնելու համար, որ ոսկորը նրա ցեղի կերակուրը չի, թող գնա իր ուտելիքը ճարի։

Առհասարակ, բակում ամեն կենդանի արարած կամ զվարճանում է Մաշոյի հիմարությունների վրա, կամ արհամարհում։ Միայն Սաթենիկ տատն է, որ սիրում է նրան։ Եվ Մաշոն հասկանում է դա։ Ամեն տարի, ամեն նոր Մաշո հասկանամ է։

Մաշոն հասկանում ու արդեն պոկ չի գալիս Սաթենիկ տատից։ Սաթենիկ տատը լեզու է սովորեցնում նրան։ Ասում է. «Մաշո, ժամանակ չունեմ, գնա քո բանին», և Մաշոն գնում է իր բանին։ «Մաշո, գնանք մի քիչ էլ կանաչ արածի», և Մաշոն պոչը ոլորելով ընկնում է առաջ։ Պառկիր՝ պառկում է, վեր կաց՝ վեր է կենում…

Սաթենիկ տատի փեշերից կաթի բույր է գալիս, եգիպտացորենի, գարու գժվելու բույր է գալիս։ Բույրերը առած ռունգերին՝ Մաշոն քայլում է տատի կողքով, գնում է կանաչ արոտի։ «Մաշո ջան, արի Լուսերի դռնով գնանք»,— ասում է Սաթենիկ տատը ու թեքվում գնում են Լուսերի դռնով անցնելու։

Լուսերը անատամ նայում է Մաշոյին և ասում է.

— Երկու ամիս էլ որ պահեք, երկու փութ մաքուր միս կունենա։

— Կունենա։— Ամեն անգամ խոսքը անպատասխան չթողնելու համար ասում է Սաթենիկ տատը: Ամեն անգամ ասում է վախով, թե Մաշոն հանկարծ կհասկանա։

«Մաշո ջան,— գոճու հետ խոսում է Սաթենիկ տատը,— չգիտես, որ ծնվածդ օրից մարդիկ քեզ շամփուրի վրա են տեսնում, քո մեծանալը շամփուրներով են չափում։ Թե իմանայիր, կթքեիր նրանց տված կերի վրա, որ վերջում քթիցդ են բերելու։ Ի՜նչ լավ է չգիտես, Մաշո ջան»։

Նոր տարու նախորդող կիրակի օրը խոզերի կոտորած է սկսվում գյուղում։ Ում կերը վերջանում է, չի էլ սպասում կիրակուն։ Եվ դեկտեմբերի սառնաշունչ օդը թրատվում է այս ու այնտեղից լսվող օրհասական ճղղոցներից։

Այդ օրերին, առավոտ շուտ, քանի դեռ չեն արթնացել դանակավոր մարդիկ, քանի դեռ Մաշոյի հերթը չի հասել, Սաթենիկ տատը գոճուն առնում դուրս է գալիս գյուղից։ Սաթենիկ տատը չի ուզում, որ Մաշոն այդ աղմուկի ամբողջ սարսափը հասկանա։ Սաթենիկ տատը գյուղից դուրս շրջում է Մաշոյի հետ, և խոսում է հետը. «Մաշո ջան, համբերի, համբերի, գոճի ջան։ Եկող տարի քեզ լավ կպահեմ, օրումեջ կլողացնեմ-կքերեմ, ալյուրը կմաղեմ ճաշդ եփելուց առաջ, ամեն օր արոտի կբերեմ, ամենալավ պատառը քեզ կտամ… Համբերի, գոճի ջան։ Համբերի մինչև եկող տարի:

— Երկու ամիս էլ որ պահեք, երկու փութ մաքուր միս կունենա։

— Կունենա։— Ամեն անգամ խոսքը անպատասխան չթողնելու համար ասում է Սաթենիկ տատը: Ամեն անգամ ասում է վախով, թե Մաշոն հանկարծ կհասկանա։

«Մաշո ջան,— գոճու հետ խոսում է Սաթենիկ տատը,— չգիտես, որ ծնվածդ օրից մարդիկ քեզ շամփուրի վրա են տեսնում, քո մեծանալը շամփուրներով են չափում։ Թե իմանայիր, կթքեիր նրանց տված կերի վրա, որ վերջում քթիցդ են բերելու։ Ի՜նչ լավ է չգիտես, Մաշո ջան»։

Նոր տարու նախորդող կիրակի օրը խոզերի կոտորած է սկսվում գյուղում։ Ում կերը վերջանում է, չի էլ սպասում կիրակուն։ Եվ դեկտեմբերի սառնաշունչ օդը թրատվում է այս ու այնտեղից լսվող օրհասական ճղղոցներից։

Այդ օրերին, առավոտ շուտ, քանի դեռ չեն արթնացել դանակավոր մարդիկ, քանի դեռ Մաշոյի հերթը չի հասել, Սաթենիկ տատը գոճուն առնում դուրս է գալիս գյուղից։ Սաթենիկ տատը չի ուզում, որ Մաշոն այդ աղմուկի ամբողջ սարսափը հասկանա։ Սաթենիկ տատը գյուղից դուրս շրջում է Մաշոյի հետ, և խոսում է հետը. «Մաշո ջան, համբերի, համբերի, գոճի ջան։ Եկող տարի քեզ լավ կպահեմ, օրումեջ կլողացնեմ-կքերեմ, ալյուրը կմաղեմ ճաշդ եփելուց առաջ, ամեն օր արոտի կբերեմ, ամենալավ պատառը քեզ կտամ… Համբերի, գոճի ջան։ Համբերի մինչև եկող տարի:

Հղումը`

http://litopedia.org/index.php?title=%D4%B1%D5%B4%D5%A5%D5%B6_%D5%BF%D5%A1%D6%80%D5%BE%D5%A1_%D5%A3%D5%B8%D5%B3%D5%AB%D5%B6_(%D5%8E%D5%A1%D5%B6%D5%B8_%D5%8D%D5%AB%D6%80%D5%A1%D5%A4%D5%A5%D5%B2%D5%B5%D5%A1%D5%B6)