«Հերիք է կանգնես ճանապարհին ու ոտքերիդ ազատություն տաս, հայտնի չէ, թե նա քեզ ուր կհասցնի» ՖՐՈԴՈ ԲԵԳԻՆՍ

Այլևս երբեք աշխարհն ինձ համար նույնը չի մնա, սարերը՝ հեռու, գագաթներն էլ անհասանելի չեն լինի: Թռիչքի պես էր, կամքի երկարատև լարում էր և հիացմունքի անվերջանալի վայրկյան: Ես վեր բարձրացա, ինձանից էլ վեր, ամպից ու ձյունից էլ: Բառերը օդի պես անհուսալիորեն քիչ են թվում բարձունքում: Մարմինը գերիշխում է, թելադրում, բողոքում, մերկանում են քաղաքային կյանքի բոլոր թուլությունները, և միայն ծանրացած ոտքերն են քսան թիզ չափում մինչև տաքուկ, հարազատ, կանչող քարը: Քարերը մանրանում, հոսում են, քաշում ցած, մեծանում, դառնում են անհաղթահարելի, ցնցվում են, սպառնում, գլորվում են, կանչում ցած ու նորից դառնում անդրդվելի, անհաղորդ:

Ամեն ինչ փոխում է իր նախնական կարևորությունը՝ քայլը, շունչը, կանգառը, վերադարձը: Լինում էին պահեր, երբ մտքերը ցրվում, կենտրոնանում էին միայն շարժումների շուրջ, յուրաքանչյուր քայլ դառնում էր որոշիչ, յուրաքանչյուր դադար՝ կենարար:

Այստեղ մարդիկ էլ են այլ, ճանապարհին մարդիկ միշտ էլ այլ են: Այսպիսի բարձրության վրա ընկերը դառնում է անհրաժեշտություն, ստեղծվում է մի անբացատրելի կապ, մտերմություն՝ իսկական, մարդկային, ազատ: Ինչ լավ է, որ միասին էինք, ինչ լավ է, որ Դուք մեզ հետ էիք, տիար Գևորգ: Բացի Արագածի աննկարագրելի գեղեցկությունից կա նաև մի բան, որ հիշողությանս ամենանվիրական անկյունում պահված կլինի յուրաքանչյուր ճանապարհ սկսելիս: Դա  բացառիկ, անխառն ազատության զգացողությունն է, որ մեզ նվիրեցիք: Շնորհակալություն:

 

Leave a comment