Բժիշկ Լ-ի թղթապանակը

Հիվանդ Ս. Տերտերյանի նամակները

Սիրելիս, այնքան մանր է այս աշխարհը, որ փոշիացել է ու քամու հետ լցվում է աչքերս, այնքան ճղճիմ է կյանքս, որ մնում է միայն լցնես մի հարմար փոսի մեջու հողով ծածկես, որ գարշահոտություն չարձակի: Ես չեմ ուզում այսպիսի բաներ գրել քեզ, չեմ ուզում, որ վշտանաս, բայց հիմա ես ոչինչ չեմ կարողանում այլևս գրել:

Ես կույրի պես խարխափում եմ, հիվանդ եմ, զառանցում եմ մի անհայտ տենդի մեջ, այնպիսի գլխապտույտ ունեմ, որ ոչինչ չեմ կարողանում անել: Իմ աշխարհը, որտեղ իմ և քո տեսիլներն էին բնակվում, փոշիացել է ու հիմա կսկծացնում է աչքերս, իմ կյանքը, որը քեզ էր պատկանում, մահացել է ու հիմա կողքիս պառկած նեխում է և ես՝ անօգնական, չգիտեմ ինչպես վարվել նրա հետ:

Այն, ինչ թանկ էր ինձ համար, իմաստն է կորցրել, դարձել անպետքություն, իսկ ցանկություններս միալար տզզոցով պտտվում են օդում, ապա իջնում այս գարշահոտ դիակի վրա ու նայելիս սիրտս է խառնում:

Ես ի՞նչ անեմ առանց քեզ, դու չասացիր, թե ինչպես վարվեմ ինձ հետ, ամեն ինչ ասացիր, բացի դրանից, ու՞ր խցկեմ ինձ, որ դառել եմ անպետքություն, որ ավելորդ իրի նման ընկնում եմ ոտքերի տակ, բարկացնում, հայտնվում այնտեղ, ուր ինձ չեն սպասում ու չեն ուզում տեսնել:  Continue reading